Փաստերն ամբողջության մեջ ցույց են տալիս, որ հայերի ցեղասպանության շարունակումը կանոնակարգել են իմպերիալիստական երկրները` բոլոր միջոցներով և հնարավորություններով: Իսկ այդ քաղաքականության գլխավոր նպատակը Անգլիայի նախագծած «Իսլամական պետության» ստեղծումն էր` պանիսլամիզմի և պանթուրքիզմի հիմքի վրա` այդ գործոնը Ռուսաստանի դեմ օգտագործելու համար: Չեչենական երկու պատերազմները, ինչպես նաև Մերձավոր Արևելքի իրադարձությունները XXI դարասկզբին, բացահայտում են այդ քաղաքականության բուն էությունը: Այդ առնչությամբ բաց տեքստով արտահայտվել է հայ ժողովրդի դահիճներից մեկը` անգլամետ Ջեմալ փաշան, դեռևս 1920-ական թվականներին. «Տվյալ պահին Օտոմանյան կայսրության և Անդրկովկասյան երեք հանրապետությունների առջև կանգնած է կարևորագույն կենսական մի խնդիր. ամեն կերպ օգնել իրար և բոլոր ուժերը ներդնել իրենց ամայացած հողերի վերականգնմանը: Նրանց գոյապահպանության մյուս խնդիրը հետևյալն է. գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի թույլ չտան, որ ռուսական հոսանքը հորձանքով քշի նրանց Կովկասյան լեռնաշղթայից: Այդ նպատակով այդ չորս պետություններին, անտարակույս, անհրաժեշտ է միմյանց հետ հաստատել` մոսկվացիների ներխուժման հնարավորության դեմ ուղղված պաշտպանական միություն: Եթե մենք, ինչպես արդեն ասացի, չորսով` Օտոմանյան կայսրությունը, Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի հանրապետությունները, չկնքենք Մերձավոր Արևելքի ժողովուրդների միություն` Ռուսաստանից մեզ պաշտպանելու համար, եթե մենք չգործենք համաձայնեցված և չօգնենք Հյուսիսային Կովկասում պետություն կազմավորելուն, անկասկած, մենք դարձյալ կդառնանք Ռուսաստանի զոհը, որը մշտապես ձգտել է մեզ վրա դնել իր լուծը»:
Դիտարկենք Մ. Պավլովիչի արտահայտությունները. «Անատոլիայում սկզբնավորված ազգային շարժումը, որը կրում է բողոքի բնույթ ընդդեմ սեփական չինովնիկների, հետևաբար նաև երիտթուրքերի «իթթիհատական» կուսակցության չինովնիկության, իր սրությամբ միաժամանակ ուղղված է հայերի և հույների դեմ, ստանում է լայնածավալ ազգային շարժման բնույթ` ընդդեմ ամբողջ իմպերիալիստական Եվրոպայի, որը ձգտում է մասնատել Թուրքիան»:
Պավլովիչի գրքի լույս ընծայման ժամանակ Քեմալ փաշան արդեն Թուրքիայի հերոս էր հռչակել «երիտթուրքերի «իթթիհատական» կուսակցության ղեկավարներին և անդամներին» (այդ թվում` Թալեաթին, Էնվերին և Ջեմալին), և, բացի այդ, ինչպես հեղինակն է նշում, «ժողովրդական շարժումն» իր բողոքն է ուղղում, չգիտես ինչու, «իր սրությամբ միաժամանակ հայերի և հույների դեմ», նաև ստանալով «լայնածավալ ազգային շարժման բնույթ` ընդդեմ ամբողջ իմպերիալիստական Եվրոպայի»: Դա բարձր մակարդակի դեմագոգիա է, որը հնչեցնում է Ռուսաստանի հեղափոխական շրջափուլի հեղինակավոր հրապարակախոս, պատմաբան-արևելագետը, որի աշխատությունները «մեծ ազդեցություն են գործել սովետական արևելագետների առաջին սերնդի ձևավորման վրա»: Այստեղ է հենց թաքնված հետագայում ամբողջ հայ ժողովրդին բացասաբար գնահատելու առեղծվածը:
Այդ պատճառով, երկար ժամանակ, ընդհուպ 1965 թվականը, Սովետական Միությունում լռության էր մատնվում հայոց ցեղասպանության փաստը ինչպես երիտթուրքերի կողմից` Օսմանյան կայսրությունում 1915-1918 թթ., այնպես էլ նոր Թուրքիայում` Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից` 1918-1923 թթ.:
Հատկապես այդ պատճառով է, որ Նախիջևանի և Ղարաբաղի հիմնախնդիրների, ինչպես նաև հայ ժողովրդի պատմության ցավոտ կետերի մասին ԽՍՀՄ-ում բարձրաձայնելը արգելված էր, ներառյալ քրեական հետապնդումը:
Չէ՞ որ գնահատականը տվել էր արևելագիտության ոլորտի խոշոր մասնագետ, տրոցկիստ-մենշևիկ Պավլովիչ-Վելտմանը. «Ի թիվս խոշոր թալանչիների Փոքր Ասիայում հրապարակ սողոսկեցին նաև փոքրիկ ավազակներ: Այդպես, հունական ջոկատների հետ ձեռք ձեռքի տված հայտնվեցին նաև հայկական խմբավորումներ, որոնք կազմավորել էին «Մեծ Հայաստան» ստեղծելու մասին երազող դաշնակցականները, որը նախկին ռուսական Հայաստանի տարածքից բացի իր սահմանների մեջ պետք է ընդգրկեր Էրզրումի, Տրապիզոնի, Վանի, Բիթլիսի վիլայեթները` ելք ունենալով դեպի Միջերկրական ծով` Ալեքսանդրետից, և Սև ծով` Տրապիզոնից»:
Բայց Էրզրումը, Տրապիզոնը, Վանը, Բիթլիսը բուն հայկական պատմական տարածքներ են: Այդ մասին չէր կարող չիմանալ Պավլովիչ-Վելտմանը` «պատմաբան-արևելագետը», որը ներդրել է «մեծ ավանդ սովետական արևելագիտության զարգացման մեջ», ունեցել «ազդեցություն սովետական արևելագետների առաջին սերնդի ձևավորման գործում:
Ռուսական կայսրության տարածքում` իր պատմական հողերի վրա ապրող հայ բնակչությունը, XIX դարավերջին XX դարասկզբին առանձնանում էր մուսուլմանական (դեռևս իր հիմնական զանգվածով էթնիկական հիմքի վրա չինքնանույնականացած) փոքրամասնությունից իր կրթվածությամբ և պետության հասարակական-քաղաքական կյանքում ունեցած ակտիվությամբ, որը, բնականաբար, խիստ բացասաբար էր ընդունվում իշխանության կողմից: Դրա հետ մեկտեղ, Օսմանյան կայսրությունում, նոր վարչական սահմանների վերանայման ժամանակ, հայ էթնոսի բնակեցրած վայրերը բաշխվում էին այնպես, որ մուսուլմանաբնակ գյուղերն ու քաղաքները, որոնք նույնականացնում էին իրենց կրոնադավանական սկզբունքով, գտնվեն միևնույն գավառում, և օգտվում էին իշխանական կառույցների հովանավորությունից: Նման քաղաքականությունը` «բաժանիր և տիրիր», ցարական կառավարությանը հնարավորություն էր տալիս չեզոքացնելու բողոքի տրամադրությունները իր հպատակների շրջանում:
1918-1920 թթ., Անդրկովկասյան սեյմի կազմացրումից և երիտթուրքերի ինտերվենցիայից, հատկապես Շուշիի հայ բնակչության կոտորածից հետո, Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջացան, այսպես կոչված, «վիճելի տարածքներ»: Ադրբեջանում և Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո, ՌԿԿ Կենտկոմի Կովբյուրոյի որոշմամբ, 1921 թ. հուլիսի 4-ին Ղարաբաղի (Արցախի) մարզը միացվեց Հայկական ՍՍՀ-ին:
Սակայն հաջորդ օրը` հուլիսի 5-ին, ադրբեջանական կողմի պնդմամբ, հրավիրվեց Կովբյուրոյի նոր նիստ, որտեղ, Մոսկվային բենզինի առաքումը դադարեցնելու սպառնալիքների և ճնշման տակ, Ն. Նարիմանովը կոչ արեց վերանայել նախորդ օրն ընդունած որոշումը և վճռել հարցը հօգուտ Ադրբեջանի: 1921 թ. հուլիսի 5-ին տեղի ունեցած նիստի արդյունքում որոշվեց. «Ելնելով մուսուլմանների և հայերի միջև ազգային հաշտության անհրաժեշտությունից (այդպես էլ նշված է. «մուսուլմանների և հայերի») և Վերին ու Ներքին Ղարաբաղի տնտեսական կապից, նրա մշտական կապից Ադրբեջանի հետ, «…Լեռնային Ղարաբաղը թողնել Ադրբեջանական ՍՍՀ սահմաններում` նրան տրամադրելով մարզային լայն ինքնավարություն` վարչական կենտրոնը ինքնավար մարզի կազմում գտնվող Շուշի քաղաքում» («Հայաստան» հանրագիտարան):
Հակառակ ազգային հարցում բոլշևիկյան կուսակցության` «ազգի ինքնորոշման, ընդհուպ առանձնանալու իրավունքի» ծրագրային սկզբունքի, երկրամասը մտցվեց Ադրբեջանական ՍՍՀ կազմի մեջ` «նավթային քաղաքականության» հիմքի վրա: Այդ քայլը կատարվեց Թուրքիայի հզոր ճնշման տակ` 1921 թ. մարտի 16-ի Մոսկովյան պայմանագրից ելնելով:
Այդ ժամանակից ի վեր Հայաստանը բազմիցս բարձրացրել է Լեռնային Ղարաբաղի (Արցախի) կարգավիճակի հարցը ՍՍՀՄ կուսակցական և կառավարական ղեկավարության առջև, բայց խնդիրը մնացել է չլուծված: Իսկ Ադրբեջանը, իր հերթին, իրականացնում էր տարբեր միջոցներով հայկական էթնոսը Ղարաբաղից դուրս մղելու քաղաքականություն: Բայց այն, ինչ հաջողվեց իրագործել Նախիջևանում, որն ամբողջությամբ հայաթափվեց (դրան նպաստեց նաև 1921 թ. Մոսկվայի պայմանագրով շահած ցամաքային սահմանի առկայությունը Թուրքիայի հետ), Ղարաբաղում այդ քաղաքականությունը ձախողվեց Ղարաբաղի հայերի համառության շնորհիվ: Նման «մաքրազերծում» տեղի ունեցավ միայն Շուշիում, որի սկիզբը դրել էր դեռևս թուրքական բանակը 1918 թվականին` քաղաքային պայմաններում հայ բնակչության համընդհանուր կոտորածի միջոցով, որն անհնար էր իրագործել անառիկ սարերում:
XX դարավերջին-XXI դարասկզբին Նախիջևանի տարածքում «համայն քաղաքակիրթ մարդկության աչքի առաջ», անտեսելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի վկայություններն ու բողոքները, շինարարական տեխնիկայի կիրառմամբ ոչնչացվեցին պատմական հուշարձաններ (խաչքարեր), որոնք վկայում էին տվյալ տարածքում բնիկ հայ ազգի հիշողության առկայության մասին: Այդպես Ադրբեջանն իրագործեց «մշակութային եղեռն», փաստ, որը չդատապարտեց ոչ մի պետություն:
Հայկական Նախիջևանի նահանգի ճակատագիրը որոշվել էր 1921 թվականի մարտի 16-ի Մոսկովյան` Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքված պայմանագրով` առանց հաշվի առնելու հայ ժողովրդի շահերը: Ավելին, հիշյալ պայմանագրի XV հոդվածում նշվում է. «Ռուսաստանը պարտավորվում է Անդրկովկասյան հանրապետությունների նկատմամբ դիմել քայլերի, որպեսզի այդ Հանրապետությունների կողմից Թուրքիայի հետ կնքվելիք պայմանագրերում անպատճառ ճանաչվեն սույն Պայմանագրի այն հոդվածները, որոնք անմիջաբար վերաբերում են իրենց»: Այստեղ պարզորոշ առկա է Հայկական ՍՍՀ-ի նկատմամբ, որպես պետական կառույցի, ճնշում կիրառելու պարտադրանք:
Այդ առնչությամբ ուշագրավ է նույն պայմանագրի Հոդված 1-ը. «Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը սկզբունքորեն համաձայնվում է չճանաչել ոչ մի հաշտության պայմանագիր կամ միջազգային որևէ այլ ակտեր, եթե Պայմանավորվող կողմերից մյուսն ուժով է հարկադրում ընդունել այդպիսիք»: Սակայն, հայտարարված սկզբունքին հակառակ, Ռուսաստանը բավականաչափ ջանքեր գործադրեց, որ Անդրկովկասյան հանրապետությունները, մասնավորապես, Հայաստանը, Թուրքիայի հետ կնքեն Կարսի պայմանագրում առաջարկված համապատասխան հոդվածը. «Հոդված 5: Թուրքիայի կառավարությունը և Սովետական Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունները համաձայն են, որ Նախիջևանի մարզը, ներկայիս Պայմանագրի III հավելվածում նշված սահմաններում, կազմի ինքնավար տարածք Ադրբեջանի խնամատարության ներքո»: Իհարկե, միանգամայն զարմանալի կլիներ, եթե Ադրբեջանի կառավարությունը չհամաձայներ առաջարկված պայմանին: Սակայն ինչու՞ «ինքնավար տարածք` Ադրբեջանի խնամատարության ներքո»: Դարձյալ նշմարվում է տրոցկիստ-սիոնիստ Պավլովիչ-Վելտմանի չարագուշակ կիսադեմը: Եվ դարձյալ այստեղ գործում է անգլամետ «նավթային քաղաքականությունը»: Այսպես, Թեյմուր Աթաևի տվյալներով. «Այն բանից հետո, երբ Սովետական Ռուսաստանը հրաժարվեց «հեղափոխության արևելյան ուղուց» և խոստացավ Լոնդոնին չվնասել բրիտանական գաղութատիրական շահերը Ասիայում, իրանական կոմունիստներին իրենց խնամակալները կարող էին առաջարկել միայն ներկուսակցական գժտությունների հարթեցման միջնորդություն, որպիսիք այդ ժամանակ փոթորկվում էին ամբողջ ուժով… Հոկտեմբերի 18-ին բրիտանական մինիստրների խորհրդակցությունը գանձատան կանցլերից խորհուրդ ստացավ չմասնակցել Հայաստանի համար ԱԼ (Ազգերի Լիգա) ֆինանսական երաշխիքներին: Ավելին, խորհրդակցությունը մերժեց Հայաստանի մուտքը կազմակերպություն, չցանկանալով լուծել նրա անվտանգության հարցը… Այդ ընթացքում բրիտանական մի շարք ֆիրմաների հետ ծնունդ առան համաձայնագրեր` մի քանի հարյուր ավտոմեքենա Ռուսաստան առաքելու, ռուսական շոգեքարշերը վերանորոգելու վերաբերյալ և այլն, իսկ 1920 թվականի նույն հոկտեմբերին ստեղծվեց անգլո-ռուսական առաջին ՀՁ-ն` Արկոսը («All-Russian Coopperative Society»)… 1920 թ. նոյեմբերի 23-ի «Տնտեսական և իրավաբանական կոնցեսիաների մասին» դեկրետը նախատեսում էր, մասնավորապես, «կառավարության երաշխիքներ ազգայնացումից, բռնագրավումից, բռնագանձումից» և «կոնցեսիոն պայմանագրի միակողմանի փոփոխության անթույլատրելիություն»: Այդ փաստաթուղթը փաստորեն թույլատրում էր կապիտալիզմի շնաձկներին հզոր բիզնես-հետաքրքրություններ ունենալ լենինյան Ռուսաստանում: Ինչպես այդ առիթով գրել է Կալիֆոռնիայի համալսարանի (Լոս Անջելես, ԱՄՆ) տնտեսագիտության պրոֆեսոր, Սթանֆորդի համալսարանի պատերազմների և հեղափոխությունների Գուվերի ինստիտուտի հետազոտողը. «Փոխադարձ շահի վրա հիմնված գործընկերություն է հաստատվում միջազգային մենաշնորհային կապիտալիզմի և միջազգային հեղափոխական սոցիալիզմի միջև» (զուր չէ, որ ռուսական զենքի և ոսկու առաքումները Թուրքիա մեկնարկեցին հատկապես 1920 թվականին): Թեյմուր Աթաևը, հղում կատարելով Լ. Տրոցկուն, նշում է նաև. «29 նոյեմբերի: Անգլիական կառավարությունը Լոնդոնում սովետական ներկայացուցիչ ընկ. Կրասինին է հանձնում անգլո-սովետական առևտրային պայմանագրի նախագիծը»:
(շարունակելի)
Ռուսերենից թագմանեց
Դավիթ Մկր ՄԱՐԳՍՅԱՆԸ